Սկզբնաղբյուրը՝ hetq.am-ի։
Մտավորականներն, ըստ իս առանձնանում են իրենց խոհուն հայացքով․ շրջապատը չտեսնելու-չնկատելու ներանձնացման պահերի մեջ են փնտրում անտեսանելին ու անշուշտ գտնում են իրենց արվեստով, ցուցանելով աշխարհի իրենց աշխարհը․․․ Կա այսպիսի սարտրյան հասկացություն․ մարդն իրեն ամենաազատ վիճակում զգում է․․․ բանտում։ Նիկօն իրեն ամենաազատ վիճակում զգում էր մոլբերտի «դեմ հանդիման»։
Ինձ ծանոթ գեղանկարիչներից սակավ մտավորականներ ունեն այս հատկությունը։ Այսկերպ է նրանց ապրած կյանքը տարբերվում այլոց ապրածից, ստեղծագործությունից։ Նիկօն, իբրև գեղանկարիչ, այսօրինակ խոհունության տարերքով ապրեց ու տակավին ա պ ր ու մ է՝ ապրեցնելով մարդկային իր կենսակերպով՝ լռելյայն, ինչպես որ է իր գեղանկարչությունը, ներառյալ նիկօյադրոշմ գրաֆիկական պատկերազարդումները, գրքերի ձևավորումները, քաղաքական կոլաժները, որոնք հեղինակների միտքն ու խոհականությունը լրացնող գեղանկարչական պատումներ են, ընթերցողի, դիտողի միտքը ի մի բերող։
Թիֆլիսահայ մշեցու իր կերպարը՝ մարդկային ու մտավորական ինչ գուներանգներով է եռեփվել, շատերին անծանոթ ինչ նրբագծերով՝ իր կտավների գունային փիլիսոփայությանը ներդաշնակ։ Իսկ կտավներում հաճախադեպ հանդիպող ասպետակեցվածք նժույգավարները միշտ սլացքի մեջ լինելով կարծես դիտողից «թաքցնում են» թե ու՞ր են գնում և ինչի՞ են պատրաստ ի վերջո։ Եւ կանանց գրեթե նույնահայցք այն կերպարները, որոնք իր տեսողության թաքուն թրթիռներում անբավարարվածության շղարշներով են ի ր ե ն ի ց թաքցնում կանացիության իդեալականացումը, որն իրեն քսան և ավելի տարիներ անճանաչ ի վերջո չմնաց, և փառք Աստծո։
Այս մտածումները ինձ շատ ու շատ հեռու կտանեն, եթե չընդմիջեմ ինքս ինձ ու մտովի չհայտնվեմ այն երանելի տարիների թոհուբոհում՝ վերապրելով վայելելու կամ վայելելով վերապրելու երևանյան այն օրերի գունագեղությունը, որտեղ Նիկօյի կերպարը առանձնապես էր ինքեղ և հասկանալիորեն տարբեր-առանձնացող․․․
80-ական թվականների սկիզբն էր՝ ամառային մի օր, երբ սուրճ խմելու ցանկությունը փոխարինվում է սառը գարեջրով հագենալու սփոփանքին։ Սփյուռքահայության հետ մշակութային կապերի կոմիտեի շենքին կից մտավորականության հավաքատեղի «Վահագն» սրճարանում մենակ եմ․ կից սեղանից հատուկենտ խոսակցության ձայներ եմ լսում։ Երկու հոգի են, գարեջրի շշերի առատությունից «կքված» սեղանը ինձ մի պահ զարմացնում է։ Նրանցից մեկին ճանաչում եմ՝ հանրահայտ երգիչ Րաֆֆի Հովհաննիսյանն է, մյուսը՝ անծանոթ, որը հանկարծ շրջվելով իմ կողմը՝ սիրալիր ասում է․ «Մեր տղա, արի մեզ մոտ, մենակ տխուր չէ՞։»։ Անծանոթն է, մի պահ կարկամում, բայց մոտենում եմ։ Ձեռքը մեկնում է՝ ծանոթանում ենք։ Րոպեներ անց կարծես մտերիմներ լինեինք։ Նիկօն էր։ Հետո եղան նոր հանդիպումներ, որոնք իր ցավալի կորստից հետո հիշողություններիս կինոէկրանին հաճախ են հայտնվում՝ դրվագ առ դրվագ։ Երևի այս տեսակի ու բնույթի Մարդուն կարոտելուց է։ Նիկօն ինձ խորհուրդներ էր տալիս ոչ միայն նկարչական նրբերանգներին վերաբերող, այլ նաև ․․․ մեր կյանքի ուղեգծերը գրեթե համընկել-կրկնվել էին՝ մեր դեմքով և այլոց նմանությամբ․․․
«Սովետական Հայաստան» հանդեսում աշխատելու տարիներին Նիկօյին հաճախ էի տեսնում․ համալսարանի դասերից ձանձրացած, այնտեղ՝ խմբագրությունում կամ հիշյալ սրճարանում էի լիցքաթափվում, իսկ «լիցքաթափողները» շատ էին՝ ինձնից ավագ, բայց տարեկիցի պես էին վերաբերվում․ ես տարիքի տարբերությունները այդպես էլ չզգացի։ Այն ջնջվում էր աստիճանաբար՝ վերածվելով մտերմության։
Նիկօյի կենսախնդության,- ներքին ապրումները ի ցույց չդնելու ի գին,- մասին շատերն են տեղյակ ու դեռ կպատմեն։ Այն երանելի օրերի հրավառությունը, ինչպես իր գեղանկարչությունն է, վստահ եմ հ ա յ տ ն ա բ ե ր վ ե լ ու է՝ խորությամբ։ Այդ օրերի հուշերիս պատառիկներից երևի թե ամենատպավորիչը Նիկօյի գրառումն էր ստվարաթղթի վրա՝ փակցված Վրեժ Իսրայելյանի գրասեղանի թիկունքակողմ պատին․ «Հողը՝ գյուղացուն, արաղը՝ Վրեժին»։ Եւ Վրեժը, միշտ հպարտ թ ի կ ո ւ ք ու մ էր այդ գրառումը։
Հետագայում, մեր հանդիպումները ամեն օր էր․ Սփյուռքահայության հետ մշակութային կապերի կոմիտեի շենքի առաջին հարկում նորաբաց «Հայություն» թերթի գեղարվեստական խմբագիրն էր։ Ես՝ «Սփյուռք» հրատարակչության տնօրենը, կից աշխատասենյակներ, օրավերջը հաճախ սրճխմություն-գինարբուքներով էր ավարտվում, իսկ Նիկօյի աշխատասենյակում ամենուր աչքի զարնող գեղանկարներ, գրաֆիկական աշխատանքներ, թերթերի, գրքերի ձևավորման մակետներ, էսքիզներ․․․
Կա մի անբացատրելի, ներքին ոգեսնող կապ, որ մեզնից անկախ մեզ միշտ իր տիրույթում է պահում՝ ինչ հանգամանքներում էլ հայտնվենք։ Ինձ համար միշտ բարեբախտություն է եղել այդ անկորնչելի կապի գիտակցումը։ Եւ ճիշտ որ, «Իրատես»յան Նիկօյի կսմիթ-ծաղրանկարները, կոլաժները նույնպես ես համարում եմ ուրույն «նվագակցություն»՝ ազգային-հանրային խնդիրների իր գիտակցման «ստեղնաշարին», քանի որ անմոռաց է Նիկօյի դաշնամուրային նվագը, իսպառ և ներհուն իմպրովիզացիա, կարծում եմ՝ ովքեր լսել, ապշել են․ ստեղնաշարի վրայով շարժվող նրա մատների արանքում ես միշտ․․․ վրձին էի պատկերացնում։ Վրձնահարվածներ էր շաղ տալիս ստեղնաշարի երկայնքով, ինչպես ինքնամոռացորեն մոլբերտի առաջ կանգնած, իր լռախոհությունը այսկերպ հնչյունային «ընդերքներից պեղելով»։ Այդ պահերին ինքն իրենից օտարված ու բոլորովին այլ տիրույթներում էր, բայց կար միշտ նժույգավարի կեցվածքը, որ հորդորում էր դիտողին, ունկնդրին, որ մեր իրականության մեջ հրաշագործությունն ավարտ չունի, միայն պետք է փնտրել, անգտանելին մեր կողքին է, մեր մեջ, մեր հայացքից ինքներս ենք հեռացրել կամ անհուսորեն հեռացել ենք մեզնից ու հայտնվել աներկիր մի տարածքում․․․
Նիկոյի գեղանկարչական տեսողունակությունը ես չեմ տեսել ոչ մի հայ գեղանկարչի մոտ․ անսահման շռայլ՝ ինչպես ինքն էր բնույթով՝ կտավներ նվիրելիս։ Այս մտածումով «ծանրաբեռ» մի օր ասացի․ «Նիկոլայ Արկադեվիչ,- երբեմն այսպես էի դիմում, միտումով՝ իր մեջ Հայրական կարոտ արթնացնելու սիրույն,- Աստծո տվածը՝ Աստծուն չես կարող տալ, մարդկանց պետք է վերադարձնես»։ Հուզվեց, ժպտաց, ողջագուրվեց «իր խորքից էի գալիս»։ Ակամա հիշեցի «Սովետական գրող» հրատարակչության գլխավոր նկարչին՝ Ֆելիքս Գուլանյանին՝ լուսահոգի, պայծառ մի մարդու, որ հաճախ էր ասում․ «Նիկօյի պես պետք է․․․ գրել», միշտ գրքերն առնում են Նիկօյի ձևավորման համար»։ «Թե՞ պատճառով»,- հարցնում էի Ֆելիքսին։ «Նիկոյի գույնը ուրիշ գույնեն է, շատ կը հավնիմ», գյումրվա բարբառով շարունակում էր Ֆելիքսը։
Մշտաբար կա մի պահ, երբ զսպում ես քեզ, երբ մտովի հիշում ես այն միջավայրը, որտեղ հանդիպել ես մարդկանց՝ էությամբ թրծված քաղաքով։ Նրանց այդպես էլ չանհետացող ստվերներից ոգեղենորեն ես «հալածվում»․ այդպիսին էր Նիկօն և այդպես էլ մնաց մինչև մեր վերջին հանդիպումների ժամանակ՝ «Իրատես» թերթի խմբագրատանը՝ իր աշխատասենյակում ինձ հետ․․․ չ զ ր ու ց ե լ ի ս, մոլբերտի առաջ, վրձինը ձեռքին, նժույգավարի, ասպետախոհ կեցվածքով, երևի թե իրեն նախասահմանված հանգրվանի որոնումներում։
Արթուր ԱՆԴՐԱՆԻԿՅԱՆ